24 փետրվարի 2003 - 21:20 AMT
ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 26-ին` 19:00-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերով առաջինը քարոզչությունը կսկսի նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Այդ մասին են վկայում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախորդ օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված վիճակահանության արդյունքները: Վիճակահանության իրավունք տրվել էր Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանին եւ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ, խորհրդարանի պատգամավոր Վարդան Մկրտչյանին: Վիճակահանության ավարտից հետո Մկրտչյանը հայտարարել է, որ ՀԺԿ-ն մտադիր է մասնակցել ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումներին, բայց ներկայումս կուսակցությունը զբաղված է առաջին փուլի արդյունքների բողոքարկմամբ եւ տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ-ի որոշման համաձայն, նախագահի երկու թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե անվճար եւ 30 րոպե վճարովի հեռուստա- եւ ռադիոեթերի իրավունք է ստացել փետրվարի 26-ից մինչեւ մարտի 3-ը քարոզչություն իրականացնելու համար: