28 նոյեմբերի 2012 - 17:55 AMT
«Ժառանգություն». ՀՀ քաղաքացիներին զրկում են ընտրական իրավունքից

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրիանգիծը սահմանում է, որ «ՀՀ համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիները կունենան հնարավորություն իրացնել իրենց պատկանող ընտրական իրավունքը»:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից, նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիները երկրի սահմաններում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու՝ օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի պետական մարմինների գործունեությամբ:

«Սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտումը չցանկացան վերացնել: Օտար երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ մեկ միլիոն, վերջիններս փաստացի զրկված են մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարմանը: Այսօր ևս մեկ անգամ ՀՀ Ազգային Ժողովը վկայեց, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը լիարժեք չի պատկանում մեր ժողովրդին: Տեղի ունեցած քվեարկությամբ նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ օրինագծին «Դեմ» են քվեարկել Լևոն Մարտիրոսյանը(ՀՀԿ), Կարեն Ճշմարիտյանը(ՀՀԿ), Դավիթ Հարությունյանը(ՀՀԿ) Հովհաննես Մարգարյանը(ՕԵԿ), և «կողմ»՝ Զարուհի Փոստանջյանը(Ժառանգություն), Գագիկ Ջհանգիրյանը(ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը(ՀՅԴ): Տիգրան Ուրիխանյանը(ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը(անկախ պատգամավոր) բացակայում էին: