28 նոյեմբերի 2012 - 18:16 AMT
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Թուրքմենստանի նախագահը Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: