28 նոյեմբերի 2012 - 18:26 AMT
ՀՀ-ում ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ներկայացուցչություն կբացվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՌԴ պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որը կլինի «Ռոսգրանիցայի» առաջին ներկայացուցչությունը:Բեզդելովը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական նպատակների և գործառույթների մասին: Նա նաև մանրամասներ է ներկայացրել այսօր պետական սահմանի տեղամասեր կատարած այցի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է, որ ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է գործակալության ներկայացուցչության բացման հարցում և պատրաստ է աջակցել վերջինիս` իր առաքելության իրականացման գործում: