29 նոյեմբերի 2012 - 12:00 AMT
Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել

Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը շարունակում է ծառայել որպես մեծահարուստների առաձնատների շինանյութ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հուշարձանի ոչնչացումը սկսվել է դեռ 2006 թվականին: 2008 թվականինց այն համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ավերումը շարունակվում է:

«Մեծահարուստների թվում է նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, թեև նա իր տունը կառուցել է 2007 թվականին, երբ դեռ «Քարերի սիմֆոնիան» հուշարձանի կարգավիճակ չուներ»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Դեպքի առնչությամբ բնապահպան ակտիվիստները դիմել են Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանին, նա էլ ասել է, որ միայնակ չի կարող վերահսկել գյուղի ողջ տարածքը:

Ասուլիսի մյուս բանախոս Սարմեն Շահիջանյանը այս քարերի ոչնչացումը համեմատեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման հետ՝ նշելով, որ այն դժվար չէ պահպանել, քանի որ գյուղից հեռու չէ:

«2008 թվականից խոսվում է սրա մասին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չկա: Տուրիստական առումով Հայաստանի թիվ մեկ այցեքարտը Գառնին է»,- ասաց նա:

Ակտիվիստները նշեցին նաև, որ պատկան մարմիններին դեռ չեն դիմել: