Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցները, ովքեր ներկայացնում են Արցախի տարբեր շրջանները, «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրով մեկնել են Վրաստան՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի հետ կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են վիրահայոց թեմի մամլո դիվանից:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի նախաձեռնությամբ Ջավախք երկրամասին ծանոթությունը սկսվել է Վահան Տերյանի ծննդավայր Գանձայից: Հյուրերն այցելել են Տերյանի տուն թանգարան, աղոթել Գանձայի Սուրբ Կարապետ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցիներում: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ ծանոթությաններ են ձեռք բերվել, ծրագրեր կանխագծվել:
Թբիլիսիում պատվիրակության անդամներն այցելել են Խոջիվանքի հայոց պանթեոնում հուղարկավորված մեծերի շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի անդամների և արցախցի հյուրերի հանդիպումը: ԼՂՀ մշակույթի և երիտասարդույան հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը հավաքվածներին ներկայացրել է նախարարության աշխատանքները` կարևորելով երիտասարդության համար տարվող ծրագրերը:
Պատվիրակությունը հանդիպել է նաև Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: