30 նոյեմբերի 2012 - 14:30 AMT
«Խուլ ու համր» ադրբեջանցին բավական երկար զրուցեց Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի, 1971 թ ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին:

Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչը սահմանը հատել էր նոյեմբերի 12-ի առավոտյան՝ 07:45-ին: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Այսօր հանձնման ժամանակ լրագրողները նկատեցին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ադրբեջանցին նոր հագուստով էր, նրա իրերը առանձին տոպրակի մեջ էին, նա սափրված էր և Կարմիր խաչի ներկայացուցիչներին դիմավորեց ժպիտով: