Հայաստանի ներքին քաղաքական դաշտում քաոս չկա: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի՝ պարզապես կողմերը որոշում են, թե ինչ դիվիդենտներ կարող են շահել նախընտրական գործընթացներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրավիճակը մի փոքր տարօրինակ է: «Հարյուր օրից քիչ է մնացել, իսկ քաղաքական ուժերը մինչ օրս հստակ դիրքորոշում չունեն»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա՝ 2013-ի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահը: «Դատելով տարբեր հարցումների տվյալներից և նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, կարելի է ենթադրել, որ գործող նախագահը մեծ շանսեր ունի»,- ասաց նա:
Ալեքսանդր Մարկարովը դժվարացավ ասել՝ արդյոք առաջադրվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա միևնույն ժամանակ նկատեց. «Ոչ ոք չի կարող բացառել, որ մտնելով պայքարի մեջ, ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է որևէ հուշագիր կնքել իշխանությունների հետ: Նման նախադեպ եղել է»: