27 մայիսի 2005 - 13:40 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայրենակիցներին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Նրա խոսքերով` 87 տարի առաջ անկախ հռչակված հանրապետությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունն էր: «Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու Հայաստանի անկախությունը եւ նոր հեռանկարներ բացեց մեր պետության հետագան սեփական ուժի զորությամբ կերտելու համար»,- հայտարարել է նա: Այդ ամենը ձեռք բերվեց նաեւ հայ ժողովրդի բացառիկ միասնության շնորհիվ: «Այդ միասնությունը թող զորավիգ լինի մեզ նաեւ այսօր` Հայաստանի խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, ձեռք բերածը պահպանելու գործում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 87 տարի առաջ ծնունդ առած «անկախության երթը» անկասելի ու հարատեւ է լինելու: