30 նոյեմբերի 2012 - 20:34 AMT
Շինուհայրի, Խոտի, Հալիձորի, Տաթևի և հարակից գյուղական համայնքներում նոր շինաշխատանքներ կիրականացվեն

«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի առկա իրավիճակը տեղում ուսումնասիրելու և Տեղ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ շրջայց է կատարել Տաթև համայնքում: Հաշվի առնելով Տաթև գյուղական համայնքի վարչական սահմաններում առանձնացված տարածքների քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակը` քաղաքաշինության նախարարն ընդգծել է իրականացվելիք շինարարական աշխատանքների կարևորությունը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից` Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոն` ստանալով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ:

Սամվել Թադևոսյանը Տեղ գյուղի դպրոցի շինարարության ընթացքին ծանոթանալիս կարևորելէ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին և որակով ավարտելը: Դպրոցի հիմնանորոգմամբ կբարեկարգվի նաև դպրոցի տարածքը, կտեղադրվեն ջեռուցման կաթսաներ, կիրականացվեն կաթսայատան և ցանկապատի կառուցման աշխատանքներ: