30 նոյեմբերի 2012 - 21:45 AMT
ԵԺԿ նախագահ. Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխություններն արագ տեղի չեն ունենում

Այսօր տեղի է ունեցել «Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ» խորագով համաժողովը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշել է. «Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական և մշակութային առաքելությամբ, Հայաստանի Հանրապետությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է Եվրոպայի և եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման իր քաղաքականությունը: Այսօր, Հայաստանը իր վարած հավասարակշիռ և կառուցողական քաղաքականությամբ, տարածաշրջանային կայունության կարևոր գործոն էաա: Այս համատեքստում պետք է դիտել նաև Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների, այդ թվում, ՀՀԿ անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: ՀՀ ԱԺ-ն ակտիվորեն և արդյունավետ փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Դրա վառ ապացույցն է պատվիրակությունների գործուն շփումները ինչպես Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, այնպես էլ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչների հետ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության և առաջընթացի»:

«Խոհրդարանը բոլոր քաղաքացիների տունն է, ոչ միայն նրանց, ովքեր ընտրվել են: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը պետք է հեշտությամբ կարողանան շփվել այդ տան հետ, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ», - ասել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարության կայացման գործում յուրաքանչյուրն իր դերն ունի՝ թե ընտրված քաղաքական գործիչները, թե քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության տարբեր կառույցները «Չպետք է մոռանալ, որ շատ հեշտ է փոփոխություն ցանկանալ, սակայն երբեմն այն դժվար է իրականացնել: Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, խրախուսեք, համագործակցեք նրանց հետ, խորհուրդներ տվեք, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխությունները արագ տեղի չեն ունենում»,-ասաց ԵԺԿ նախագահը: