30 նոյեմբերի 2012 - 22:10 AMT
Սերժ Սարգսյան. ԵԺԿ-ի համար անընդունելի է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը

Որպես քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների ընտանիք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը, այլատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքները: Այս երևույթները մեր ընդհանուր պատմության ամենամութ էջերի հիշողություններն են արթնացնում: ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գոործընկեր Հայաստանին ապօրինի շրջափակման մեջ պահել: Համոզված ենք, որ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը պետք է բացվի անմիջապես և առանց նախապայմանների»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Ավելացնենք, որ այսօր Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Համաժողովի ընթացքում ընդունվեց Երևանյան հռչակագիր, որում նշվել են Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության քայլերը: