Կոնգոյում վթարված բեռնատար Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՔԱԳՎ մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը: «Մեր քաղաքացիները պայմանագրով աշխատում էին Կոնգոյի AIR Service ավիաընկերությունում»,-ասել է նա:
Այս պահի դրությամբ հայկական կողմը ճշտում է ստացված տեղեկությունն ու զոհված քաղաքացիների ինքնությունը: Բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վարձակալված էր Կոնգոյի «Աէրո-սերվիս» փոխադրողի կողմից և հիմնականում բեռներ էր տեղափոխում Կոնգոյի մայրաքաղաք Բրազզավիլից Պուերտո Նուար քաղաքը և հակառակ ուղղությամբ:
ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:
Ինչպես հայտնել է Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ամպրոպը, որը վնասել է ինքնաթիռի թևը:
Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի է բաժանվել և բռնկվել է: Ըստ փրկարարների, առնվազն 20 մարդ է զոհվել, ևս նույնքանը հոսպիտալացվել է: Փրկարարներին խանգարել է մութը: Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է մարել հրդեհը: