1 դեկտեմբերի 2012 - 14:56 AMT
Կոնգոյում կործանված օդանավի անձնակազմի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր

Կոնգոյում կործանված Իլ-76 բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատարը ՀՀ քաղաքացի Վարազդատ Բալասանյանն էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է մյուս 4 քաղաքացիներին, որոնք նույնպես անձնակազմի անդամներ էին, նրանց ինքնությունը պարզվում է:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր ՔԱԳՎ մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին:

«Մեր քաղաքացիները պայմանագրով աշխատում էին Կոնգոյի AIR Service ավիաընկերությունում»,-ասել է նա:

Այս պահի դրությամբ հայկական կողմը ճշտում է ստացված տեղեկությունն ու զոհված քաղաքացիների ինքնությունը:

Բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վարձակալված էր Կոնգոյի «Աէրո-սերվիս» փոխադրողի կողմից և հիմնականում բեռներ էր տեղափոխում Կոնգոյի մայրաքաղաք Բրազզավիլից Պուերտո Նուար քաղաքը և հակառակ ուղղությամբ:

ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:

Ինչպես հայտնել է Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ամպրոպը, որը վնասել է ինքնաթիռի թևը:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի է բաժանվել և բռնկվել է: Ըստ փրկարարների, առնվազն 20 մարդ է զոհվել, ևս նույնքանը հոսպիտալացվել է: Փրկարարներին խանգարել է վերահաս մութը:

Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է մարել հրդեհը: