3 դեկտեմբերի 2012 - 11:15 AMT
Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու

Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովրդավարական միության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որին մասնակցել են ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում է եղել ներկա քաղաքական իրավիճակի քննարկումը առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺՄ գրասենյակից, կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծել սպասվող զարգացումները: Որոշում է ընդունվել, որ 2013թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկել է հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունել՝ 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ՝ հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված: