3 դեկտեմբերի 2012 - 13:58 AMT
“Jesus Christ Superstar” ռոք-օպերայի տոմսերն արդեն վաճառվում են

“Jesus Christ Superstar” ռոք-օպերան Երևանում կներկայացնի Բաթումիի երաժշտական կենտրոնի Երիտասարդական երաժշտական թատրոնը: Վերջինիս բեմադրությամբ ռոք-օպերայի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա հունիսի 30-ին՝ Բաթումիի Արվեստի կենտրոնում: Էնդրյու Լլոյդ Վեբերի և Թիմ Ռայսի հանրահայտ ռոք-օպերան բեմադրվել է Զազա Սիխարուլիձեի կողմից, իսկ Մանանա Չաուշբան աշխատել է երաժշտական կենտրոնի երիտասարդ մենակատարների հետ:

«Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք-օպերան Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում կսկսվի դեկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին: Տոմսերն արդեն վաճառվում են թատրոնի տոմսարկղում և ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին թատրոնի ընդունարանից, տոմսերի գինը կազմում է 1500-3000 դրամ:

Բաթումիի երաժշտական կենտրոնի բեմադրությամբ ռոք-օպերան Երևանում ներկայացնելու նախաձեռնությունը Զբոսաշրջիկների և ճանապարհորդների միջազգային ասոցիացիայինն է, նպատակն է տուրիզմին և արվեստին խթանելը:

Ռոք-օպերան Աստվածաշնչի հիման վրա պատմում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա մասին: Էնդրյու Լլոյդ Վեբերն ու Թիմ Ռայսը ռոք-օպերան գրել են 1970-ին, իսկ մեկ տարի անց այն արդեն բեմադրվել է Բրոդվեյում, հետագայում նաև` մի շարք այլ թատրոններում Փարիզում, Լոնդոնում և այլուր: