3 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
ԵՄ. ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը չի կարող որևէ այլընտրանք լինել: Այս մասին ասված է նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունված հայտարարությունում: Միևնույն ժամանակ՝ այդ հայտարարության մեջ ափսոսանք կա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամոլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայտարարության մեջ ընդգծվել է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը: Այս դրույթի ամրագրումը, ըստ բանախոսի, չափազանց կարևոր է հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև առանց բացառության բոլոր այն սկզբունքներին, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում:

Սամվել Ֆարմանյանն ընդծել է այն դրույթի ամրագրումը, ըստ որի ՀՀ խորհրդարանականները Եվրախորհրդարանի հետ միասին կարևորում են հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը՝ որպես էական քայլ՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը:

Փատաթղթում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտության միջոցով: Սամվել Ֆարմանյանի հավաստմամբ՝ խորհրդարանական ձևաչափով ընդունված փաստաթղթերի համատեքստում սա նոր ձևակերպում է, ինչը դրական է գնահատվում:

Չի շրջանցվել նաև դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու անհրաժետությունը, ինչպես պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կառույցները:

Նաև արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջությամբ պաշտպանում է 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որով մասնավորապես կոչ է արվում ստեղծել միջադեպերի կանխարգելման և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործուն մեխանիզմ: