31 մայիսի 2005 - 10:20 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեվի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ժամանակ կողմերը հատուկ ընդգծեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան լրացուցիչ խթան հանդիսացավ մի շարք խնդիրներին ավելի կառուցողական լուծումներ տալու համար: Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման ներկա մակարդակին, Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր գործում են միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական շուրջ 160 պայմանագրեր ու համաձայնագրեր: Մատնանշվեցին կոնկրետ քայլեր պահանջող հիմնական ուղությունները: Մասնավորապես անդրադարձ եղավ մաքսակետերի ստեղծման անհրաժեշտությանը` Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող լաստանավային փոխադրումների գործարկման հարցում: Պաշտպանության բնագավառում համագործակցության կայուն բարձր մակարդակ արձանագրելով, Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեվը կարեւորեցին հայ-ռուսական մշակութային եւ հումանիտար ավանդական կապերի աշխուժացումը: