PanARMENIAN.Net-ն այսօր ահազանգ ստացավ այն մասին, որ Երևան քաղաքի հարկային տեսչություններից մեկում գործատուից ID (նույնականացման) քարտ են պահանջել: Տեսչությունում հայտնել են, որ բոլոր գրանցված կազմակերպությունների տնօրեններն ու գործատուները հաջորդ տարի որևէ գործարք իրականացնելու համար պետք է պարտադիր կերպով ունենան ID քարտ: PanARMENIAN.Net-ը փորձեց պարզել` արդյո՞ք ID քարտ ունենալն արդեն պարտադիր պայման է ցանկացած դեպքում:
Երևան քաղաքի անձնագրային բաժանմունքներից մեկում տեղեկացրեցին, որ ID քարտի ստացումը դեռևս պարտադիր չէ, իսկ պարտադրման հնարավոր ժամկետների առնչությամբ հայտնեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրել` խորհուրդ տալով դիմել ՀՀ Ոստիկանություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ID քարտերի ստացումը երբևէ պարտադրված չի եղել: «Նույնականացման քարտ ունենալը 2013թ. հունվարի 1-ից պարտադիր է լինելու միայն էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար»,- նշեց նա` հղում տալով ՀՀ կառավարության ընդունած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքին:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1-ից, և համաձայն այդ օրենքի` բոլոր գործատուները 2013թ. հունվարի 1-ից պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն` էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնելու համար:
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել, ինչն արդեն արել ենք: Հարցումն ընթացքի մեջ է: