5 դեկտեմբերի 2012 - 18:02 AMT
Օմանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հնէաբանության, թանգարանների ոլորտներում

Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: ՕՍ մշակույթի և մշակութային ժառանգության նախարար Սալեմ Ալ-Մահրուկի հետ կայացած հանդիպման ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջև մշակույթի ոլորտում կապերի հաստատման հեռանկարները:

Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայկական մշակույթի առանձնահատկությունները` առաջարկելով քննարկել Օմանում հայկական մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հնէաբանության, թանգարանների և մշակութային այլ կոթողների, հին ձեռագրերի ուսումնասիրման բնագավառներում համագործակցություն ծավալելու նպատակահարմարությունը: Այս կապակցությամբ նախարար Սալեմ Ալ-Մահրուկը նշեց, որ Օմանը հարուստ է հին ձեռագրերի պահպանման և վերականգման համապատասխան հաստատություններով, ինչը կարող է բավարար հիմք հանդիսանալ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի հետ կապերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար: Նա նաև նշեց, որ ՕՍ մշակույթի և մշակութային ժառանգության նախարարությունը պատրաստ է արաբալեզու տարաբնույթ թեմատիկ գրականությամբ ապահովել ՀՀ համապատասխան բուհերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: