5 դեկտեմբերի 2012 - 20:38 AMT
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում շուրջ 20 փաստաթուղթ է ընդունվել

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթաժողովի հարկի տակ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: