6 դեկտեմբերի 2012 - 21:21 AMT
Պավլիկ Ղարսելյան. Նարեկ Մելքոնյանն ԱԱ կիսաեզրափակչում մենամարտում էր դուրս ընկած ձեռքով

Նարեկ Մելքոնյանի (91 կգ) անձնական մարզիչ Պավլիկ Ղարսելյանը խոստովանեց, որ իր սանը երևանյան երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մենամարտում էր վնասվածքով: Մելքոնյանը 5:13 հաշվով զիջել է անգլիացի Հյուգ Ֆարին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

«Նարեկի աջ ձեռքն էր դուրս ընկել, նաև ուսի վնասվածք ուներ: Հենց վնասվածքի պատճառով էր, որ այսօր նա բավականաչափ ակտիվ չէր և չէր գործում իրեն հատուկ ոճով»,- ասաց մարզիչը:

Ըստ Ղարսելյանի, հայ մարզիկները պատրաստ էին առաջնությանը և կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, սակայն մրցավարներն էլ են խանգարել դրան: «Այսօրվա մարտի ընթացքում էլ մրցակիցը բաց հարվածներ էր հասցնում, սակայն դրանք արգելված են, մինչդեռ մրցավարը մեր մարզիկից միավոր հանեց գլխով հարվածի համար»,- ավելացրեց նա: