7 դեկտեմբերի 2012 - 11:10 AMT
Նավթը թանկանում է ԱՄՆ-ում գործազրկության հայտերի քանակի վերաբերյալ տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում գործազրկության հայտերի թվի վերաբերյալ վիճակագրության ֆոնին, որը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.26 դոլարով կամ 0.24 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 107.29 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.29 դոլարով կամ 0.34 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86.55 դոլար:

Եվրագոտում տնտեսական դինամիկայի հետ կապված մտավախությունները զսպում են «սև ոսկու» արժեքի աճը: Նախօրեին ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրագոտում իրավիճակի կայունացումը կսկսվի 2013-ի երկրորդ կեսին: