8 դեկտեմբերի 2012 - 18:50 AMT
Walt Disney Pictures-ը պատրաստում է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի շարունակությունը

Հաշվի առնելով 2010-ին Թիմ Բարթընի «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի հաջողությունը` Walt Disney Pictures-ը որոշել է նկարահանել ֆիլմի շարունակությունը: Ըստ Variety-ի` Լինդա Վուլվերթոնն Mouse House-ի պատվերով արդեն սկսել է աշխատել ֆիլմի շարունակության սցենարի վրա:

Նոր կինոժապավենի այլ մանրամասները դեռևս գաղտնի են պահվում: Եթե առաջին ֆիլմը հիմնված էր Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» դասական ստեղծագործության վրա, ապա շարունակությունը, հավանաբար, ոգեշնչված կլինի «Հայելու միջով» ստեղծագործությունից, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Ալիսան փախչում իրական աշխարհի ճնշումներից՝ վերադառնալով հրաշքների աշխարհ:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք Թիմ Բարթընը ձեռնամուխ կլինի շարունակության նկարահանմանը, և արդյոք առաջին ֆիլմի դերասանները կընդգրկվեն այդ ֆիլմում: Առաջին ֆիլմում ընդգրկված էին Միա Վասիկովսկան՝ որպես Ալիսա, Ջոնի Դեպը՝ Խելագար Գլխարկավոր, Հելենա Բոնեմ Քարտերը՝ Կարմիր թագուհի և Էնն Հաթաուեյը՝ Սպիտակ թագուհի:

«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը Օսկարի է արժանացել «Լավագույն գեղարվեստական ռեժիսուրա» և «Լավագույն հագուստի դիզայն» անվանակարգերում: