4 հունիսի 2005 - 08:01 AMT
ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Պաշտոնական Բաքուն ռուսաստանյան կողմից պահանջել է ավել շատ պարզություն` Վրաստանից Հայաստանի տարածք ՌԴ ռազմակայաններից ռազմական տեխնիկայի մի մասի տեղակայման հարցում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Նրան խոսքերով` Ադրբեջանում Ռուսաստանի գործերում ժամանակավոր հանձնակատար Պյոտր Բուրդիկինի հետ հանդիպմանը նա խնդրել է ավելի շատ տեղեկատվություն այն մասին, թե ինչով է ավարտվելու այդ տեղափոխումը: «Սպասենք: Առայժմ բանակցություններն այդ առնչությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայան այդ տեխնիկայի մի մասի տեղափոխման մասին տեղեկատվությանը ծանոթացել է մամուլից, եւ պաշտոնական տեղեկատվություն այդ առումով նա չունի: «Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները պետք է մեզ պաշտոնական պատասխան տան»,- ասել է Է.Մամեդյարովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, Հայաստանում տեղակայելով Վրաստանից դուրսբերված սպառազինությունների մի մասը, չի խախտում Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ): «Սա ԵՍԶՈՒՊ պայմանագրի հարց չէ, քանզի սպառազինությունը տեղակայվում է ռուսաստանյան ռազմակայանում, եւ ոչ թե փոխանցվում է Հայաստանին: Մենք հարցը դնում ենք այսպես. «Սպառազինության տեղափոխումը ճիշտ քայլ չէ, քանի որ տարածաշրջանում կա հակամարտություն, եւ մեզ պետք է ավելի շատ ապառազմականացում, քան ռազմականացում»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով` նա այդ հարցը քննարկել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, եւ նա հայտնել է Ադրբեջանի մտահոգությունը Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ: «Այժմ պետք է սպասել, թե ինչ համաձայնագիր կստորագրեն եւ երբ: Դա արդեն կախված է ոչ միայն Ադրբեջանից կամ Ռուսաստանից, այլ նաեւ վրաց-ռուսական բանակցություններից»,- եզրափակել է Է.Մամեդյարովը: