Այս պահին շարունակվում է Ազատության հրապարակից մեկնարկած ՀԱԿ երթը` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Երթին չի մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնակիցները շարժվում են դեպի Եվրոպայի Խորհրդի գրասենյակ, որտեղ ներկայացուցչին 4 կետից բաղկացած նամակ են փոխանցելու:
Նրանց խոսքով`ՀՀ-ում ամեն քայլափոխի կարելի է ականատես լինել մարդու իրավունքների կոպիտ խախտումների:
Շարունակվում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահայտելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները:
Դրա ապացույցն է ընդդիմադիր չորս երիտասարդների մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտումը, ինչի հետևանքով Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ ունեցող երկրների շարքին:
ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, որ շարունակելու են պայքարը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար: