10 դեկտեմբերի 2012 - 21:37 AMT
Մոսկվայում մատուցվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ` ի հիշատակ 1988թ.-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ գնացած ավելի քան 25 հազար անմեղ մարդկանց: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Պատարագին ներկա գտնվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, մոսկվաբնակ հայազգի մշակութային գործիչներ, համայնքային կառույցների եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված սփոփանքի, բարեգթության եւ միասնության կոչով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը:

Հոգեհանգստի պատարագի ավարտին մասնակիցները ծաղիկ դրեցին 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի դիմաց: