11 դեկտեմբերի 2012 - 15:20 AMT
Հովիկ Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Աժ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը և կարևորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը և անհրաժեշտ համարել համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ և Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը և կարևորել է համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Կողմերը ընդգծել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը և ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական և քաղաքական գործիչներ: