11 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT
Կոնվերս բանկը կատարում է սահմանամերձ գյուղի երեխաների ամանորյա ցանկությունները

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտնում է հերթական բարեգործական՝ «Դարձիր Ձմեռ պապ», ակցիայի մեկնարկի մասին:

Գիտակցելով, որ սահմանամերձ կյանքը խիստ տարբերվում է հանգիստ քաղաքային կյանքից, Բանկի ընտրությունն այս անգամ կնագ առավ սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի վրա: «Օր օրի դատարկվող այս գյուղում գործող միակ դպրոցն ունի 120 աշակերտ, որոնք հաճախ են դասն անցկացնում կրակոցների ձայների տակ՝ վտանգելով իրենց կյանքը»,-ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Բանկը իր աշխատակիցների, հաճախորդների և բոլոր ցանկացողների հետ համատեղ իրականություն կդարձնի երեխաների ամանորյա երազանքները՝ տոնը դարձնելով հիշարժան ու անհոգ:

Բանկի գլխամասային գրասենյակում՝ Վազգեն Սարգսյան 26/1, տեղադրվել է տոնածառ, որից կախված են 120 երեխաների ցանկությունները: Յուրաքանչյուր ցանկացող կարող է տոնածառից վերցնել երեխայի նկարով մեկ կամ ավելի ցանկություն-խաղալիք և նվիրել նրան սպասված Ամանորյա նվերը: Իսկ ովքեր կցանկանան դրամական օժանդակություն ցուցաբերել, կարող են գումարը փոխանցել Բանկում գործող «Դարձիր Ձմեռ պապ» հաշվեհամարին՝ 19300 36912207200:

Ակցիայի ավարտին Կոնվերս բանկն իր սեփական ռեսուրսների հաշվին կկրկնապատկի հաշվեհամարին կուտակված գումարը և կհամալրի նվերների ցանկը: