12 դեկտեմբերի 2012 - 12:18 AMT
Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարները կժամանեն Հայաստան

Դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը:

Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տեղի կունենան Հայաստանի և Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները և կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: