12 դեկտեմբերի 2012 - 12:49 AMT
«ՉուխաջյանՖԵՍՏ». Սպասվում է հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով երեկո

Դեկտեմբերի 14-ին «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հեղինակային երեկոն: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կներկայացնի Վ. Աճեմյանի լարային նվագախմբի համար թիվ 3 սիմֆոնիան, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտը, «Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմը, ալտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար «Արկածներ»-ը: Ինչպես հայտնում է երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, միջոցառումը հարուստ կլինի համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով: Որպես մենակատարներ հանդես կգան Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Արուս Աճեմյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (ալտ սաքսոֆոն):

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին և կրում է «ՉուխաջյանՖԵՍՏ» անունը: Այն նվիրված է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին: