12 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT
ԲՀԿ որոշումն ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու ակնարկը

ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու 2013-ի նախագահական ընտրություններին: Քաղաքական և վերլուծական շրջանակներում կարծիք կար, որ ԲՀԿ-ի միջոցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կփորձի վերադառնալ քաղաքականություն: Մի կողմից ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել ընտրություններին, մյուս կողմից էլ՝ Քոչարյանն իր կայքի միջոցով ակնարկեց, որ վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ Քոչարյանը կվերադառնա: «Խիստ կասկածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրա աշխարհաքաղաքական կենտրոնները խաղադրույք կկատարեն: Եթե մինչև հիմա, նախագահական ընտրությունների շեմին դա չի եղել, ապա հետո դժվար լինի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ եթե Քոչարյանը վերադառնա, ապա նա դա պետք է փորձի անել դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը՝ երբ առաջադրվեն նախագահի թեկնածուները: «Բայց եթե նրան ԲՀԿ-ն չի սատարելու, իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մեկին չի սատարելու, ապա դա նշանակում է, որ Քոչարյանը չունի որևէ հենարան, թեկուզ զուտ կազմակերպչական ինչ-որ խնդիրներ լուծելու առումով»,- նկատեց փորձագետը: