13 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT
«ՀԺ». ՀԱԿ-ը նո՞ւյնպես կձգձգի իր հայտարարությունը, թե՝ ոչ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, թե՝ ոչ: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը:

«Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հարցի պատասխանը չունեին: Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «ՀԺ» թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ են ընթանում, և հարցի պատասխանը կհնչի այդ քննարկումների ավարտից հետո: Մուսինյանը նույնն է ասել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ որպես թեկնածու չառաջադրվելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու որոշման առիթով:

«ՀԱԿ քաղխորհրդի քննարկումների ամփոփումից հետո հայտարարություն կլինի»,- ասել է Մուսինյանը: Փաստորեն, երեկ քաղխորհրդի նիստի հիմնական հարցը եղել է հենց Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Թե ովքեր են կողմ արտահայտվել առաջադրմանը, ովքեր դեմ՝ հայտնի չէ: Դժվար է ասել նաև իր հայտարարությունը ՀԱԿ-ը նույնպես կձգձգի՞, թե՝ ոչ: