14 դեկտեմբերի 2012 - 10:21 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն հայտարարության տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետ

Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլև Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետո, սկզբում ցանկացել է երկար-բարակ՝ բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են՝ չէ, կարճ գրեք:

«Ի դեպ, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանի և Հերմինե Նաղդալյանի միջև: Վերջինս Աժ նախորդ քառօրյային բացակայում էր, որովհետև վնասել էր ոտքը, սակայն կաղալով ներկայացել է նիստին: Նրան տեսնելով՝ Սերժ Սարգսյանը զարմացած հարցրել է. «Հերմինե՞, էս իմացել ես ԲՀԿ-ի հետ կռիվն սկսում ենք, եկե՞լ ես»: «Ի՞նչ պրոբլեմ կա. կկռվենք էլ, կհաղթենք էլ»,- ասել է ոտքից «վիրավոր», բայց հայրենի կուսակցությանը ծառայելու միշտ պատրաստ ԱԺ փոխխոսնակը: