14 դեկտեմբերի 2012 - 13:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բուլղարիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում լրացուցիչ չլարել իրավիճակը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ իր հերթին նշեց. «Մենք սատարում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին կոչ ենք անում չնախաձեռնել ոչինչ, ինչը կարող է վնասել խաղաղ կարգավորմանը»:

Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը նկատեց, որ վերջին ամիսներին հակամարտության գոտում չպատճառաբանված լարվածություն է առաջացել: Նա ընդգծեց խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի կարևորությունը տարածաշրջանի համար: «Բաքվում և Երևանում տեղի ունեցած քննարկումներում լարվածությունը թուլացնելու հեռանկարներ են նշմարում»,- ասաց նա: Բուլղարիայի արտգործնախարարն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջ քաշվող առաջարկներին, ասաց. «Հույս ունենք մոտ ապագայում արդյունքներ տեսնել և կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը»:

ՖՈՏՈՇԱՐՔ