15 դեկտեմբերի 2012 - 18:46 AMT
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ իր հերթին նշել էր, որ իրենք սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին կոչ են անում չնախաձեռնել ոչինչ, ինչը կարող է վնասել խաղաղ կարգավորմանը: