2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվ վարկային քաղաքականություն վարել՝ պատշաճ բարձր մակարդակի վրա պահելով վարկային պորտֆելը: «Մինչև 2013թ. ավարտը բանկը մտադիր է ապահովել վարկային պորտֆելի 17.0 տոկոս աճ կամ ավելացնել այն 35,9 մլն ԱՄՆ դոլարով»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
2013 թվականին նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել 202,6 մլն դոլարի (նախորդ տարվա համեմատ ավելացնելով 13,3 տոկոսով), ֆիզիկական անձանցը՝ 47,9 մլն ԱՄՆ դոլարի (ավելացնելով 33,7 տոկոսով): Պորտֆելը նախատեսվում է ավելացնել ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին:
Այս պահի դրությամբ նշված ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի ավելացում չի նախատեսվում:
2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ վարկային և այլ փոխառությունները, որոնք տրվել են բանկի հաճախորդներին, կազմել են 89,7 մլրդ դրամ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,6 տոկոսով կամ 19,4 մլրդ դրամով: 2012թ. բանկը մտադիր է փակել 90,1 մլրդ դրամ վարկային պորտֆելով: