17 դեկտեմբերի 2012 - 19:39 AMT
ՀԱՊ. Ապահովագրական ընկերությունները որևէ հիմք չունեն մերժելու իրենց դիմած անձանց

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր:

Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն: Ընդ որում ` ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը` 1 տարի ժամկետով:Աապահովագրական ընկերությունները որևէ հիմք չունեն ինչպես մերժելու իրենց դիմած անձանց կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ որևէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձևակերպել գրավոր: