17 դեկտեմբերի 2012 - 19:50 AMT
Փոխվարչապետ. ՏԻ համակարգի զարգացման հարցում կառավարությունը կարևորում է հանրային քննարկումները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյաննայսօր մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի քննարկմանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի և հանձնաժողովի անդամների, փաստաթուղթը մշակած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ շահագրգիռ քննարկում ծավալվեց, ներկայացվեցին տարբեր առաջարկություններ, դիտարկումներ, մտահոգություններ:

Հանդես գալով ամփոփիչ խոսքով` փոխվարչապետը կարևորեց փաստաթղթի վերաբերյալ լայն քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև օգտակար համարեց հնչեցված կարծիքներն ու մոտեցումները` հեղինակներին առաջարկելով փաստաթուղթը լրամշակելիս հաշվի առնել դրանք:

Նա նկատեց, որ փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսանկյունից բոլոր կարևորագույն խնդիրները: Այն միաժամանակ բաց փաստաթուղթ է, որը հաշվի է առնելու ժամանակի պահանջները և ուղենիշային է լինելու ոլորտի զարգացման համար:

Ա. Գևորգյանը նաև վստահեցրեց, որ ՏԻ համակարգի զարգացմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի հարցում կառավարությունը կարևորում է հանրային քննարկումները և դրանք օգտակար է համարում ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: