17 դեկտեմբերի 2012 - 21:08 AMT
ԵՄ-ն բարձր է գնահատում առաջընթացը, որը գրանցվել է Հայաստանի հետ հարաբերություններում

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդնիստը: Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերինախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը,ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները,անդրադարձ կատարվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատելՄիության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյան գործընկերության թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում:

ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական արեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: