18 դեկտեմբերի 2012 - 11:24 AMT
Մարիո Դրագի. Տնտեսության վերականգնումը տեղի կունենա 2013-ի երկրորդ կեսին

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին Եվրախորհրդարանի տնտեսական և արժույթային հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ 2013-ին ակնկալում է տնտեսական անկման շարունակություն: Նրա խոսքով, տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի միայն գալիք տարվա երկրորդ կեսին համաշխարհային պահանջարկի ամրապնդման, ճկուն դրամավարկային քաղաքականության և ֆինանսական շուկաներում զգալիորեն մեծ վստահության հաշվին, հաղորդում է «Ռոյթերսը»:

Դրագիի խոսքով, միասնական հսկիչ մեխանիզմը կնպաստի ողջ եվրագոտում բանկային հատվածի նկատմամբ վստահության վերականգնմանը: Այն կօգնի վերածնել միջբանկային և արտասահմանյան վարկերը, ինչը զգալի ազդեցություն կունենա իրական տնտեսության վրա:

Գնաճի մակարդակը գալիք տարի կնվազի և կկազմի 2 տոկոսից պակաս, կարծում է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը: