18 դեկտեմբերի 2012 - 13:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դերասան Ալեն Դելոնին

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսնընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը հայտնեց նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին:

ՖՈՏՈՇԱՐՔ