19 դեկտեմբերի 2012 - 16:11 AMT
Լարիսա Ալավերդյան. ԱԺ մեծամասնությունը հասկացավ՝ ինչ դժվար է լինել թվաբանական փոքրամասնություն

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոքրամասնությունը պետք է հավասար իրավունքներ ունենա մյուսների հետ: «Մենք կողմնակից ենք, որ իշխանությունը և ընդդիմությունը ունենան հավասար քանակով մարդիկ: Իսկ, եթե այլընտրանք են ներկայացնում, լրացուցիչ անդամներ ընդգրկվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը՝ անդրադառնալով ԱԺ Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ անելու ՀՀԿ նախագծին:

Ասուլիսին ներկա էր նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով թուլություն համարեց այն հանգամանքը, որ իշխանությունը հանձնաժողովում ինչ-որ միջադեպից հետո ցանկանում է փոփոխություններ իրականացնել: «Մեծամասնությունն, այս հանձնաժողովում լինելով թվաբանական փոքրամասնություն, տեսավ, թե ինչքան վատ է դա: Ստացվում է, երբ, որ քիչ ես՝ դու սխալ ես: Կարծում եմ փոփոխությունը պայմանավորված է դրանով»,- ասաց նա: