20 դեկտեմբերի 2012 - 13:15 AMT
Հայաստանը 89-րդն է ժողովրդավարության մակարդակի վարկանիշով

Բալթիայի երկրները մեկ տարվա ընթացքում նվազ ժողովրդավար են դարձել՝ դա երևում է ավստրիական Democracy Ranking կազմակերպության ամենամյա ժողովրդավարության մակարդակի վարկանիշից: ԱՊՀ երկրներից առաջատարը Մոլդովան է՝ 52-րդ տեղ, նրան հաջորդում է Վրաստանը՝ 58-րդ տեղ, Ուկրաինան՝ 61-րդ, Հայաստանը՝ 89-րդ: Ռուսաստանը 88-րդն է:

Բալթիայի երկրներից լավագույն ցուցանիշը Էստոնիայինն է՝ 25-րդ տեղ, սակայն դա նահանջ է 3 հորիզոնականով նախորդ տարվա համեմատ: Լիտվան նահանջել է 4 հորիզոնականով և 31-րդ տեղում է, Լատվիան նույնպես 4 հորիզոնականով և 33-րդն է:

Ժողովրդավարության մակարդակի 104 երկրների վարկանիշն այս տարի գլխավորում են սկանդինավյան երկրները՝ 1-ինը Նորվեգիան է, 2-ը՝ Շվեդիան, 3-ը՝ Ֆինլանդիան: Լավագույն 10-ում են նաև Շվեյցարիան, Դանիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Ավստրիան, հայտնում է «Արգումենտի նեդելին»: