21 դեկտեմբերի 2012 - 16:21 AMT
Երևանում կբացվի hայկական ջազի աստղերի պուրակ

Դեկտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Տերյան 74 հասցեում հայկական ջազի աստղերի պուրակ կբացվի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց լրատվության պատասխանատու Ռազմիկ Ճրագյանը, պուրակի բացման օրը հանրությանը կներկայացվեն ջազային կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1938-ից 1956թթ. Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրած և գլխավորած Արտեմի Այվազյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր և 1956-ից 90-ականների սկիզբը Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանի աստղերը: Նրա խոսքով` հետագայում պուրակը կհամալրվի Ժորժ Ավագյանի և հայկական ջազի մի շարք այլ հանրահայտ երաժիշտների աստղերով:

Պուրակի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանի մշակույթի և գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պուրակի հարևանությամբ կբացվի նաև Yans Club նոր երաժշտական ակումբ: