21 դեկտեմբերի 2012 - 19:49 AMT
Օսկանյանի և Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման փաստով քրգործ է հարուցվել

Հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման փաստով: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Պատգամավորներն այսօր նաև հարցաքննության էին հրավիրվել: Փաստաբանի խոսքով ամեն ինչ ընթացել է օրենքով սահմանված կարգով:

Հատուկ քնչական ծառայությունից PanARMENIAN.Net-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։

Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Պատգամավորները, թեև չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։