22 հունիսի 2005 - 12:36 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանն ու Վ.Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, գարնանը Երեւանում կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերին եւ էներգետիկ խնդիրներին առնչվող հարցեր: Զրուցակիցները շոշափել են նաեւ Հայաստանում Ռուաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումների հարցը, որի առթիվ Վ.Պուտինը նշել է, որ նրա տպավորությունների համաձայն` դրանք անցկացվում են բարձր մակարդակով: Ռ.Քոչարյանը նշել է, որ անցկացվող միջոցառումները բազմաբնույթ են եւ ներառում են հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտները: Նրա խոսքերով` երկկողմ մշակութային կապերին համահնչուն զարգանում են եւ տնտեսական հարաբերությունները, եւ այդ գործում նշանակալից է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: ՀՀ նախագահը նշել է նաեւ, որ մշակման նախնական փուլում է գտնվում 2006 թվականին Ռուսաստանում Հայաստանի տարի անցկացնելու ծրագիրը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Մոսկվայում այսօր ընթացող ԵվրԱզՏՀ միջպետական խորհրդի նիստը: Վ.Պուտինը նշել է, որ չնայած Հայաստանն այդ կառույցում ներկայացված է դիտորդի կարգավիճակում, սակայն Ռ.Քոչարյանի գործնական եւ կանոնավոր մասնակցությունը կազմակերպության ղեկավարության աշխատանքում դրական գործոն է` բազմակողմանի համագործակցության ընդլայնման տեսակետից: Նշենք, որ Ռ.Քոչարյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում Ռ.Քոչարյանը հանդիպելու է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում սովորող հայ ուսանողներին` նրանց հուզող խնդիրների քննարկման համար: