22 դեկտեմբերի 2012 - 15:04 AMT
Իվանիշվիլի. Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կարող է անշահավետ լինել Վրաստանի համար

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը մի շարք հարցեր է առաջացնում, և նշել է, որ որոշակի փուլում այդ մայրուղին կարող է շահավետ չլինել Վրաստանի համար:

«Երկաթուղու կառուցումը մի շարք հարցեր է առաջացնում: Հավանաբար, այդ առիթով ես ստիպված կլինեմ մեկնել Ադրբեջան և մեղմ բացատրել մեզ բարեկամ երկրին, որ ինչ-որ փուլում դա կարող է մեզ համար օգտակար չլինել և հարցը կարգավորում է պահանջում»,-Իվանիշվիլիի խոսքն է մեջբերում «Բիզնես-Գրուզիան»:

Ըստ վարչապետի, այդ գործընթացը հեշտ չի լինելու, քանի որ երկաթուղու շինարարությունն արդեն սկսվել է:

«Մինչ շինարարության սկիզբը դա ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա արդեն բարդ է: Մենք պետք է հարգենք հարևաններին և մեր ստանձնած պարտավորությունները, սակայն միևնույն ժամանակ հարցեր են առաջանում, որոնք պատասխան են պահանջում»,-ասել է նա: