22 դեկտեմբերի 2012 - 16:13 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Թող գործող նախագահն ու ես պայքարենք գլխավոր ծառայողի դերի համար

Պետք է փոխել մեր երկիրը, այլևս երբեք որևէ իշխանություն կամ ընդդիմություն չպետք է ասի, որ այլընտրանք չունի, որ պետությունը ինքն է: Այսօր «Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեր երկիրը պետք է այլընտրանքներ ունենա բոլոր ասպարեզներում և փետրվարի 18-ին առաջին տեղում պետք է լինի ՀՀ քաղաքացին, թող գործող նախագահն ու ես պայքարենք գլխավոր ծառայողի դերի համար: Ով հաղթի՝ այդտեղ թող լինի պատվավոր երկրորդը»,- ասաց նա և ավելացրեց. «Ես կարծում եմ, որ ազատ, արդար ընտրությունների, անգամ արդեն ծանոթ դարձած կեղծիքների դեպքում մենք ունենալու ենք նոր նախագահ, և այս երկու ամիսներին, եթե քաղաքացիական հասարակությունը, ակտիվիստները, կուսակցությունները, ամեն մեկը իրենց բնից դուրս գան և մասնակցեն, մենք կունենանք նոր նախագահ և հայ ժողովուրդը կլինի գործող նախագահի այլընտրանքը»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փետրվարի 18-ը լինելու է ջրբաժանը, եթե հայ հասարակությունը տեր կանգնի իր իրավունքներին և մասնակցի քաղաքական գործընթացներին: