22 դեկտեմբերի 2012 - 17:28 AMT
Աշխարհի մշակույթների մերձեցմանն ուղղված ցուցահանդես` Շուշիում

«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի Նարեկացի կենտրոնում: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ` դեկտեմբերի 21-ին: Ցուցադրվում են Վրաստանը, Ղրղզստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ:

Ցուցահանդեսն անցկացվում է ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը` Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ և անձամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը, հաղորդում է Նարեկացի արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժինը: